Ասպիրինը կարող է նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը

Այն դեղամիջոցը, որը 4000 տարի է՝ օգտագործվում է որպես ցավազրկող, կարող է նաև կանխարգելել որոշ ուռուցքների առաջացումն ու տարածումը օրգանիզմում։ Այս բացահայտումներն արդեն իսկ սկսել են փոխել մի շարք երկրների առողջապահական ուղեցույցները։
Նիկ Ջեյմսը՝ Մեծ Բրիտանիայից, իր առողջության մասին սկսեց անհանգստանալ այն բանից հետո, երբ մայրը մահացավ քաղցկեղից, իսկ եղբայրը և ընտանիքի այլ անդամներ ախտորոշվեցին աղիների քաղցկեղով։ Գենետիկական թեստավորման արդյունքում նրա մոտ հայտնաբերվեց «Լինչի համախտանիշ» առաջացնող գենի մուտացիան, որը զգալիորեն մեծացնում է քաղցկեղի այդ տեսակի առաջացման ռիսկը։
Սակայն օգնությունը եկավ անսպասելի տեղից. Ջեյմսը դարձավ առաջին մասնակիցը մի կլինիկական փորձարկման, որը նպատակ ուներ պարզել՝ արդյո՞ք ասպիրինի ամենօրյա ընդունումը կարող է պաշտպանել քաղցկեղից։
Կախված գենետիկական մուտացիայի ձևից՝ Լինչի համախտանիշ ունեցող մարդկանց 10-80%-ի մոտ կյանքի ընթացքում զարգանում է աղիների քաղցկեղ։ Բայց Ջեյմսի դեպքում ամեն ինչ դրական է. «Նա 10 տարի է՝ մեզ հետ ասպիրին է ընդունում, և մինչ օրս քաղցկեղի որևէ նշան չկա», — ասում է Նյուքասլի համալսարանի կլինիկական գենետիկայի պրոֆեսոր Ջոն Բերնը, որը ղեկավարում էր հետազոտությունը։
Թվում է՝ գրեթե անհավանական է, սակայն վաղուց կային ցուցումներ, որ այս դեղամիջոցը կարող է նվազեցնել հաստ աղիքի քաղցկեղի տարածման կամ նույնիսկ առաջացման հավանականությունը։ Վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք հետազոտություններ ամրապնդել են այս փաստը։ Որոշ երկրներ արդեն փոխել են իրենց բժշկական ուղեցույցները՝ ներառելով ասպիրինը որպես պաշտպանության առաջին գիծ՝ բարձր ռիսկային խմբում գտնվողների համար (թեև մասնագետները շեշտում են, որ դա պետք է արվի միայն բժշկի հսկողության ներքո)։
Հին արմատներ
Դեռևս 19-րդ դարի վերջին հնագետները Միջագետքի Նիպուր քաղաքում (այժմ՝ Իրաք) հայտնաբերել էին 4400-ամյա կավե սալիկներ՝ բուսական, կենդանական և հանքային ծագման դեղամիջոցների ցուցակներով։ Դրանց թվում էին ուռենու ծառից ստացվող նյութի պատրաստման հրահանգներ, որը պարունակում է սալիցին. վերջինս օրգանիզմում վերածվում է սալիցիլաթթվի և օգնում հանգստացնել ցավը։ Այն կառուցվածքով նման է ժամանակակից ասպիրինին՝ ացետիլսալիցիլաթթվին, սակայն ավելի գրգռիչ է ստամոքսի համար։
Աճող ապացույցներ
2020 թվականին Ջոն Բերնը հրապարակեց 861 հիվանդի մասնակցությամբ լայնածավալ հետազոտության արդյունքները։ 10 տարվա ընթացքում պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր առնվազն երկու տարի շարունակ օրական ընդունել են 600 մգ ասպիրին, փաստացի կիսով չափ կրճատել են իրենց հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը։
Երկրորդ փորձարկումը ցույց է տվել, որ նույնիսկ շատ ավելի ցածր դեղաչափը (75-100 մգ) նույնքան արդյունավետ է, եթե ոչ ավելին։ Այս ցածր դեղաչափը նման է այն քանակին, որը մարդիկ ընդունում են սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար, ինչը շատ կարևոր է, քանի որ ասպիրինը կարող է ունենալ տհաճ կողմնակի ազդեցություններ (մարսողության խանգարում, ներքին արյունահոսություն, ստամոքսի խոց)։
2025 թվականի սեպտեմբերին հրապարակված Աննա Մարթլինգի հետազոտությունը, որը կենտրոնացած էր արդեն իսկ քաղցկեղ ունեցող պացիենտների վրա, ցույց տվեց, որ ասպիրինի օրական դեղաչափը հիվանդության կրկնվելու ռիսկը նվազեցնում է ավելի քան երկու անգամ։ Շվեդիայում այս տվյալների հիման վրա արդեն 2026 թվականի հունվարից քաղցկեղով հիվանդներին առաջարկվում է ասպիրինի ցածր դեղաչափ՝ կախված գենետիկական մուտացիաներից։
Ինչպե՞ս է այն աշխատում
Ասպիրինի քաղցկեղը կանխարգելող մեխանիզմը դեռևս ուսումնասիրվում է։ Մարթլինգը բացատրում է, որ դեղամիջոցն արգելակում է Cox-2 ֆերմենտը, որը նպաստում է բջիջների անվերահսկելի աճին։ Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ ասպիրինը կարող է նաև «տեսանելի» դարձնել քաղցկեղային բջիջները իմունային համակարգի համար՝ արգելակելով թրոմբոքսան A2 կոչվող նյութը, որը սովորաբար խոչընդոտում է իմունային բջիջներին՝ քաղցկեղը նկատելու հարցում։
Կախարդական դեղամիջոցի՞ թե ռիսկի գործոն
Թե ովքեր պետք է կանոնավոր կերպով ասպիրին ընդունեն, դեռևս քննարկումների առարկա է։ Ջոն Բերնը լավատես է և կարծում է, որ եթե 50-ն անց յուրաքանչյուր մարդ 10 տարի շարունակ «մանկական» դոզայով ասպիրին ընդունի, ընդհանուր մահացությունը կնվազի 4%-ով։
Սակայն հետազոտողների մեծ մասը զգուշավոր է. ասպիրինը չի կարելի համարել համընդհանուր դեղամիջոց։ Մարթլինգը շեշտում է. «Մեկ բան է ասպիրին տալ քաղցկեղով հիվանդներին, և լրիվ այլ բան՝ առողջ բնակչությանը առաջարկել մի բան, որը կարող է նաև վնասել նրանց»։
