Գիտնականները մոտեցել են քրոնիկ հեպատիտ B-ի բուժման նոր փուլին

Գիտնականները ներկայացրել են նոր դեղամիջոց, որը քրոնիկ հեպատիտ B ունեցող պացիենտների մոտ տվել է մինչ այժմ հազվադեպ հանդիպող արդյունք։ Հետազոտության տվյալներով՝ բուժում ստացած յուրաքանչյուր հինգերորդ մարդու օրգանիզմում վիրուսը դարձել է անհայտնաբերելի։ Մասնագետների գնահատմամբ՝ սա վերջին տասնամյակների ամենակարևոր առաջընթացներից է քրոնիկ հեպատիտ B-ի բուժման ոլորտում։ Memorial Sloan Kettering Cancer Center-ի վիրաբույժ և լյարդի հիվանդությունների մասնագետ դոկտոր Ուիլյամ Ջարնագինը նշել է, որ խոսքը մեծ առաջընթացի մասին է մի հիվանդության դեպքում, որի բուժումը երկար տարիներ բարդ խնդիր է մնացել։
Հեպատիտ B-ն փոխանցվում է մարմնական հեղուկների միջոցով, այդ թվում՝ արյան և սեռական հեղուկների։ Վարակվածների մի մասի մոտ օրգանիզմը չի կարողանում ամբողջությամբ հաղթահարել վիրուսը, և այն մնում է լյարդում՝ առաջացնելով քրոնիկ վարակ։ Ժամանակի ընթացքում այն կարող է հանգեցնել ցիռոզի, լյարդի քաղցկեղի և մահվան։ Թեև հեպատիտ B-ի դեմ գոյություն ունի պատվաստանյութ, միայն ԱՄՆ-ում ավելի քան մեկ միլիոն մարդ արդեն ունի հիվանդության քրոնիկ ձևը։ Ներկայում բուժումը սովորաբար տևում է ողջ կյանքի ընթացքում և ներառում է հակավիրուսային դեղեր ու իմունային համակարգը խթանող միջոցներ։ Սակայն դրանք չեն վերացնում վիրուսը ամբողջությամբ և չեն չեզոքացնում լյարդի քաղցկեղի ռիսկը։
Նոր դեղամիջոցը՝ բեպիրովիրսենը, ստեղծվել է Ionis Pharmaceuticals և GlaxoSmithKline ընկերությունների կողմից։ Այն խոչընդոտում է վիրուսի բազմացմանը և միաժամանակ օգնում է իմունային համակարգին պայքարել վարակի դեմ։ Դեղը ներարկվում է շաբաթական մեկ անգամ։ Բեպիրովիրսենը փորձարկվել է երկու 24-շաբաթյա հետազոտություններում, որոնք ղեկավարել են չինացի գիտնականները։ Հետազոտություններին մասնակցել է ավելի քան 1838 պացիենտ՝ Ասիայի, Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի 29 երկրներից։
New England Journal of Medicine-ում հրապարակված արդյունքների համաձայն՝ բեպիրովիրսեն ստացած պացիենտների մոտավորապես 20 տոկոսի մոտ գրանցվել է, այսպես կոչված, ֆունկցիոնալ բուժում։ Այսինքն՝ բուժման ավարտից 48 շաբաթ անց նրանց օրգանիզմում վիրուսը չի հայտնաբերվել։ Համեմատության համար՝ պլացեբո ստացած մասնակիցներից ոչ մեկի մոտ նման արդյունք չի գրանցվել։ Հետազոտությանը կից խմբագրականում Միչիգանի համալսարանի բժշկական դպրոցի կլինիկական հետազոտությունների գծով դեկանի օգնական, հեպատոլոգիայի կլինիկական բաժնի տնօրեն դոկտոր Աննա Լոքը արդյունքները որակել է ուշագրավ և կարևոր քայլ առաջ։ Միևնույն ժամանակ, հետազոտությանը չեն ընդգրկվել որոշ խմբեր՝ ցիռոզ ունեցող պացիենտներ, ՄԻԱՎ վարակ ունեցողներ և հեպատիտ B-ի շատ բարձր մակարդակ ունեցող անձինք։
GlaxoSmithKline-ը դիմել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը՝ դեղամիջոցը շուկայում ներկայացնելու թույլտվություն ստանալու համար։ Որոշումը սպասվում է հոկտեմբերի 26-ին։
