Inditex-ը շրջանցել է Մերձավոր Արևելքի ճգնաժամի ազդեցությունը և գրանցել շահույթի աճ


Չնայած Մերձավոր Արևելքում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրավիճակին, Zara ապրանքանիշի մայր ընկերությունը՝ Inditex խումբը, իր ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (փետրվարի 1-ից ապրիլի 30-ը) կարողացել է ամուր պահել դիրքերը։ Ընկերության վաճառքի ծավալներն աճել են 5,8%-ով՝ հասնելով 8,75 միլիարդ եվրոյի, իսկ զուտ շահույթն ավելացել է 5,4%-ով՝ կազմելով 1,375 միլիարդ եվրո։
Մերձավոր Արևելքում ընկերությունն ունի շուրջ 480 խանութ, որոնք աշխատում են ֆրանչայզինգի մոդելով և այս պահին բոլորն էլ բաց են։ Թեև աշխարհաքաղաքական իրավիճակն ազդում է տարածաշրջանի վաճառքների վրա, ընկերության ներկայացուցիչները նշում են, որ ազդեցությունը տարբեր երկրներում անհամասեռ է, իսկ ընդհանուր կայուն աճը բիզնեսի լայն դիվերսիֆիկացիայի արդյունք է։ Հակառակ այն մտավախություններին, որ պատերազմի պատճառով նավթի գների աճը կարող է հարվածել տեքստիլ արդյունաբերությանը (քանի որ հագուստի մեջ լայնորեն կիրառվող պոլիեսթերը նավթամթերք է), Inditex-ում խնդիրներ չունեն։ Հումքի արժեքը նրանց ինքնարժեքում մեծ տոկոս չի կազմում, բացի այդ՝ օգտագործվող թելերի 57%-ն ունի կենսաբանական ծագում, իսկ պոլիեսթերի մեծ մասը ստացվում է վերամշակված հումքից։
Այս փուլում ընկերությունը մեծ հեռանկարներ է տեսնում ԱՄՆ շուկայում, որտեղ դեռևս ունի շուկայի փոքր մասնաբաժին և ընդլայնվելու լուրջ պոտենցիալ։ Ըստ ղեկավարության՝ իրենց հաջողությունն ու աճն առաջին հերթին կախված են ոչ թե արտաքին գործոններից, այլ սեփական բիզնես-մոդելի որակյալ կիրառումից, թրենդները արագ որսալու և ճկուն արձագանքելու ունակությունից։ Մատակարարումների դիվերսիֆիկացումն ու ծովային փոխադրումների ծախսերի սահմանափակ ազդեցությունը նույնպես նպաստել են եռամսյակը բարձր ցուցանիշներով փակելուն։ Անդրադարձ է կատարվել նաև տեխնոլոգիական նորացումներին։ Խանութներում ինքնասպասարկման դրամարկղերից օգտվելու ցուցանիշը նախորդ տարվա 30%-ի համեմատ զգալիորեն աճել է։ Դրան նպաստել է նաև սմարթ-պիտակների (smart-labels) ներդրումը, ինչը հաճախորդների համար էլ ավելի է հեշտացրել գնումների գործընթացը։
Inditex խմբի մեջ են մտնում այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Zara-ն, Zara Home-ը, Massimo Dutti-ն, Pull&Bear-ը, Bershka-ն, Lefties-ը, Oysho-ն և Stradivarius-ը։
