Բիլի Այլիշ. Բասկետբոլի շորտերով հերոսուհին, որը գրավում է մեծ էկրանը Ջեյմս Քեմերոնի հետ

Փոփ-երաժշտության գերհզոր ուժը իր վերջին համերգային տուրը բեմից տեղափոխում է կինոթատրոններ՝ լեգենդար ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ուղեկցությամբ: Doorekan-ը ներկայացնում է Բիլլի Այլիշի հարցազրույցը ELLE-ին։
Ջեյմս Քեմերոնը հաստատ գիտի, թե ինչ է ուժեղ կին կերպարը։ Օսկարակիր ռեժիսորը տասնամյակներ է անցկացրել՝ ստեղծելով էներգիայով լի ֆիլմեր, որոնց շարժիչ ուժը կանացի անկոտրում ոգին է՝ լինի դա Սիգուրնի Ուիվերը 1986-ի «Օտարները» ֆիլմում, Քեյթ Ուինսլեթի համառ կերպարը 1997-ի «Տիտանիկում», թե Զոի Սալդանայի երկնագույն ռազմիկ արքայադուստրը «Ավատար»-ում։ Իր նոր նախագծի համար Քեմերոնն ընտրել է մի բոլորովին նոր, իրական հերոսուհու՝ բասկետբոլի շորտերով հանդուգն, անդրոգին փոփ-աստղի։
Մայիսի 8-ին էկրաններ բարձրացող «Hit Me Hard and Soft: The Tour (Live in 3D)» համերգային ֆիլմը, որը Բիլին համատեղ ռեժիսորել է Քեմերոնի հետ, ցույց է տալիս, թե ինչպես է նա իշխում Մանչեսթերի բեմում իր 2025 թվականի շրջագայության ժամանակ։ Թիզերում կոնֆետիները թռչում են, նեոնային լույսերը ճեղքում են Այլիշի սիլուետը, երբ նա չարաճճիորեն ցատկոտում է բեմով՝ ասես Մարվելի կենդանի կերպար՝ նկարահանված ամբողջությամբ 3D ձևաչափով։
Հոլիվուդի «Paramount Studios»-ի տարածքում Գրեմմիի 10-ակի մրցանակակիր երգչուհուն տեսնում եմ ավելի շուտ, քան նա ինձ։ Հագին «Smashing Pumpkins»-ի մեծացված շապիկ է ու սպորտային տաբատ, դեմքին՝ անհասանելի ու խիստ հայացք։ Նա ու իր թիկնապահը պտտվում են տարածքում՝ զբոսնեցնելով նրա մոխրագույն պիտբուլին՝ Շարկին։
Քիչ անց մենք հանդիպում ենք փակ կինոդահլիճում։ Մենք հազիվ էինք սկսել զրույցը, երբ անկյունում Շարկը մեծ կույտ արեց հենց գորգի վրա ու հաղթական վազեց դեպի Բիլին։
Բիլի Այլիշ. Արա՜, Շա՛րկ, էս ի՞նչ վատ վարք է։ (Ասում է մի քիչ ամաչած ու տրորում շան թավշյա ականջները)։ Նա այնքան լավ է դաստիարակված, գիտի, որ չի կարելի, բայց դե այսօր այսպես ստացվեց։
Իրականում Բիլին չէր պլանավորում համերգային ֆիլմ նկարահանել այս տուրի համար, առավել ևս այնպիսին, որը ցույց կտար նրան կուլիսների հետևում՝ ընկերների հետ ժամանակ անցկացնելիս, կամ կանաչ սենյակում լացելիս։
Բիլի Այլիշ. Սկզբում մտածում էի՝ ոչ մի դոկումենտալ ֆիլմ չեմ ուզում։ Ես արդեն նկարահանվել եմ մի դոկումենտալ ֆիլմում 15-ից 18 տարեկանում, երբ ինձ երեք տարի շարունակ անդադար նկարում էին… Հիմա ես շատ փակ եմ պահում իմ անձնական կյանքը։
Բայց հետո հայտնվեց Քեմերոնը։ Նրա առաջարկի մասին Բիլիին պատմել է մայրը՝ դերասանուհի և ակտիվիստ Մեգի Բերդը։
Բիլի Այլիշ. Սովորաբար բոլոր առաջարկներն անցնում են թիմիս ու մենեջերներիս միջով։ Բայց այս անգամ բառացիորեն մայրս ասաց. «Հե՛յ, Ջեյմս Քեմերոնը հեռվից հիացած է քո շոուով»։
24-ամյա երգչուհին մեծացել է ստեղծագործական ընտանիքում։ Ծնողները տանն են կրթել Բիլիին և նրա ավագ եղբորը՝ Ֆինեասին։ Բիլին խոստովանում է, որ միայն հիմա է հասկացել, թե ինչպես է աշխատում կինոարտադրությունը, քանի որ վերջին շաբաթներն անցկացրել է Քեմերոնի ստուդիայում՝ կադրերը մոնտաժելով։
Բիլի Այլիշ. Մենք մտածեցինք՝ ինչու՞ պարզապես չնկարել նաև կուլիսների հետևում եղածը։ Ջեյմսն այդ հսկայական 3D տեսախցիկը պահում էր ուղիղ դեմքիս մոտ (մատներով ցույց է տալիս քթի հեռավորությունը)։ Նա ինքն էր ինձ հարցազրույց տալիս, հարցեր տալիս։ Ու ես հասկացա, որ դա իրոք շատ բան է տալիս ֆիլմին։
Ջեյմս Քեմերոնի հայացքը
Հեռախոսով զրուցելիս Ջեյմս Քեմերոնը պատմում է, որ միշտ գիտեր Բիլիի ուժի մասին, բայց երբ ներկա գտնվեց Մանչեսթերի համերգին, տեսավ նաև նրա ռեժիսորական պոտենցիալը։
Ջեյմս Քեմերոն. Ես սկսեցի հարգել ու հիանալ նրա ստեղծագործական մղումով։ Նա պարզապես գեղեցիկ երաժշտություն չի ստեղծում, նա հանճարեղ կատարող է։ Նա իր շոուի գլխավոր ճարտարապետն էր։ Բեմն այնպես էր արված, որ նա լիներ հանդիսատեսի կենտրոնում։ Դա զարմանալի է. նա խենթի պես վազում է բեմի մի ծայրից մյուսը, իսկ այն կապը, որ նա հաստատում է հանդիսատեսի հետ, ֆենոմենալ է։ Նրան նայելիս մտածեցի՝ մենք պետք է միասին անենք այս ֆիլմը։
Ֆինեասը նույնպես հիշում է Քեմերոնի ներկայությունը համերգին.
Ֆինեաս. Ես հետևում էի, թե ինչպես է նա դիտում շոուն, դա տպավորիչ էր։ Նա նայում էր մոտ 16 մոնիտորների միաժամանակ՝ 3D ակնոցով, ու քանի որ դա 3D էր, նա ստիպված էր գլուխը ճիշտ կենտրոնում պահել, ուստի անընդհատ շարժվում ու պարում էր։ Նա անդադար աշխատող, կրքոտ մարդ է։
Ցավ, վնասվածքներ և բեմ՝ առանց եղբոր
Թեև Բիլին և Քեմերոնը կիսում են նույն աշխատասիրությունը, այս տուրը ֆիզիկապես ծանր է եղել երգչուհու համար։ Նա ունի հիպերմոբիլություն (հոդերի հիվանդություն), ինչը քրոնիկ ցավեր է պատճառում։ Այս տուրի ժամանակ նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, սակայն ամենադժվարն այն էր, որ նա բեմում մենակ էր՝ առանց Ֆինեասի։
Բիլի Այլիշ. Դա մի քանի տարվա ընթացքում հասունացած որոշում էր։ Մենք այնքան զբաղված էինք, որ իրար տեսնում էինք միայն բեմ բարձրանալուց առաջ։ Ֆինեասն ու թմբկահարս բեմի վրա այնպիսի հարթակում էին, որտեղից դժվար էր իջնել։ Ֆինեասը կարծես աշտարակում փակված լիներ՝ Ռապունցելի պես։ Նա երբեք չէր ասում, բայց ես զգում էի, որ նա ավելի շատ անելու բաներ ունի, քան հետևում իմ բենդի անդամը լինելը։
Չնայած երկրպագուների վարկածներին, թե նրանք վիճել են, երկուսն էլ հերքում են դա։
Բիլի Այլիշ. Լսեցի, որ ինչ-որ մեկն ասում էր՝ «Լսե՞լ եք, Ֆինեասն ու Բիլին կռվել են»։ Ես ու Ֆինեասը երբեք չենք վիճել ու չենք վիճի մեր կյանքում։ Մենք կարող ենք աշխարհի ամենաանեծքներով լի կռիվն անել, բայց հինգ րոպե անց արդեն ծիծաղում ու միասին երաժշտություն ենք գրում։ Դա քույր-եղբայր հարաբերություն է։ Եթե ես ընդհանրապես չտեսնեի Ֆինեասին, երևի էլ երբեք ոչ մի երգ չգրեի… Բայց ինչպե՞ս առաջ շարժվել ու ունենալ առանձին կյանքեր։
Այս անգամ Բիլին ստիպված էր ուժ գտնել մենակ տուրի գնալու համար։ Նա իր հետ վերցրել էր ընկերներին, այդ թվում՝ զուգընկերոջը՝ Նաթ Ուոլֆին։ Որպեսզի չհոգնի, նա պայման էր դրել՝ չորս շաբաթից ավել տանից հեռու չմնալ։
Բիլի Այլիշ. Ելույթ ունենալն իմ ամենասիրելի բանն է աշխարհում։ Ուստի, երբ զգում եմ, որ սկսում եմ չսիրել դա, ժամանակ եմ վերցնում վերալիցքավորվելու համար։
«Գիտես, ես իմ սեփական երգերն ամենաշատն եմ լսում»
Փետրվարին կայացած «Գրեմմի» մրցանակաբաշխությանը նրանց «Wildflower» երգը հաղթեց «Տարվա երգ» անվանակարգում։
Բիլի Այլիշ. Դա հրաշք էր։ Ես ու Ֆինեասը մտածում էինք, որ դա չգնահատված երգ կմնա։ Այն իմ ամենասիրելիներից էր, բայց մտածում էի՝ դե, սա հիթ չի դառնա, սովորական կիթառային բալլադ է։
Քեմերոնը նույնպես նշում է, որ «Wildflower»-ի կատարումը ֆիլմի ամենագեղեցիկ պահերից է, երբ 10,000 մարդ վառում են իրենց հեռախոսների լույսերը՝ ասես մոմեր։ Բիլին ցույց է տալիս երգի վոկալային անցումները և ծիծաղելով ավելացնում.
Բիլի Այլիշ. Ես Spotify-ում իմ երգերն ավելի շատ եմ լսում, քան որևէ այլ արտիստի։ Ընկերներս ծաղրում են ինձ դրա համար, բայց կներեք, ես ստեղծում եմ այնպիսի երաժշտություն, որն ինքս եմ ուզում լսել։ «Wildflower»-ի մելոդիան գրելիս ես շատ էի ոգեշնչված արաբական երգիչներով։ Ես ու հայրս շատ ենք սիրում արաբական երաժշտություն, օրինակ՝ խենթի պես սիրում եմ Նենսի Աջրամին։
Ընդդեմ միլիարդատերերի և կարծրատիպերի
Բիլին հայտնի է իր անկոտրում ու ըմբոստ ոգով։ «Գրեմմի»-ի բեմից նա խոսեց ներգաղթյալների իրավունքների մասին, իսկ «WSJ. Magazine»-ի մրցանակաբաշխությանը բացահայտ մարտահրավեր նետեց դահլիճում նստած միլիարդատերերին, այդ թվում՝ Մարկ Ցուկերբերգին՝ կոչ անելով կիսվել իրենց հարստությամբ։ Նույն գիշեր հայտարարվեց, որ նա իր տուրի եկամտից 11.5 միլիոն դոլար է նվիրաբերել բարեգործությանը։
Բիլի Այլիշ. Ես այսպես եմ դաստիարակվել։ Երբ դու ունես այսպիսի խենթ հարթակ, որով կարող ես պաշտպանել մարդկանց, բայց չես անում դա, որովհետև վախենում ես սկանդալային լինելուց… Ինչու՞ է սկանդալային համարվում այն, որ դու կողքից միջամտում ես, երբ ինչ-որ մեկին նեղացնում են։ Այո, հնարավոր է՝ խնդիրներ ունենաս դրանից հետո, բայց դա չի նշանակում, որ չպետք է անես։
Նրա երկրպագուներից շատերը ֆիլմում նշում են, որ հենց Բիլիի տեսքն ու ոճն է օգնել իրենց ընդունել սեփական մարմինը։
Բիլի Այլիշ. Ես առաջին մարդը չեմ, որ լայն շորեր է հագնում։ Բայց ես շատ տոքսիկ հարաբերություններ ունեի իմ մարմնի հետ, ուտելու հետ կապված խնդիրներ ունեի։ Հիշում եմ՝ երբ առաջին անգամ հագա մեծ շապիկ, թեթևություն զգացի։ Միևնույն ժամանակ, դա իմ սերն էր հիփ-հոփ մշակույթի հանդեպ և տղամարդ լինելու ցանկությունը։ Սա այն միզոգինիան է (կանատեցությունը), որը բոլորիս մեջ կա. ես չէի ուզում երևալ կանացի, որովհետև դա ասոցացվում էր թուլության հետ։ Դա սխալ է։ Հիմա ես գտել եմ ճիշտ ճանապարհը և այլևս այդպես չեմ զգում։
Ապագայի պլանները
Այժմ Բիլին ցանկանում է ուժերը փորձել նաև դերասանական արվեստում։ Լուրեր են պտտվում, որ նա նկարահանվելու է Սիլվիա Փլաթի «Հնոցի» (The Bell Jar) վեպի էկրանավորման մեջ։
Բիլի Այլիշ. Ֆիլմ գրելն ու ռեժիսորելը շատ մեծ աշխատանք է, չգիտեմ՝ երբևէ կանե՞մ դա, թե՞ ոչ, բայց դերասանական կողմն ինձ շատ է հետաքրքրում։ Տեսնենք՝ ուր կտանի դա մեզ։
Իսկ Ջեյմս Քեմերոնը կարծում է, որ Բիլիի լավագույն դերը հենց ինքն իրեն խաղալն է.
Ջեյմս Քեմերոն. Ես միշտ իմ ֆիլմերում գովերգել եմ կանացի ուժը։ Այս ֆիլմը պարզապես դրա շարունակությունն է։ Ես հնարավորություն ստացա անել մի կնոջ ինտիմ դիմանկարը, ումով հիանում եմ։ Եթե նա լիներ ինչ-որ սարսափելի «դիվա», ես այսպես չէի զգա ֆիլմի հանդեպ։ Բայց ես հպարտ եմ այս ֆիլմով և հպարտ եմ նրանով, ինչ նա անում է։
Թեև Բիլին մի քիչ հոգնել է իրեն անընդհատ հետևող տեսախցիկներից, նա ուրախ է, որ այս տուրը կմնա պատմության մեջ։
Բիլի Այլիշ. Ունենալ մի շոուի կադրեր, որոնք կկարողանամ դիտել, երբ ծերանամ, ու նորից զգալ այդ էներգիան… մարմնովս սարսուռ է անցնում։ Ես շատ շնորհակալ եմ, որ սա կապրի հավերժ։
Հեղինակ՝ Սյուզի Էքսպոզիտո
