Սոցիալական դիսկուրս՝ տղաների դաստիարակության շուրջ․ տղամարդկության զարգացող ընկալումները Հայաստանում

Ի՞նչ է նշանակում այսօր տղա մեծանալ Հայաստանում, և ի՞նչ է նշանակում լինել տղամարդ ժամանակակից հասարակությունում։ Ինչպե՞ս են ընտանիքը, դպրոցը, հասակակիցները և սոցիալական միջավայրը ձևավորում տղաների պատկերացումները տղամարդկության մասին։
Այս հարցերն են եղել Երևանում անցկացված կլոր-սեղան քննարկման առանցքում, որը համախմբել է կրթության, մանկական և կրթական հոգեբանության, հոգեթերապիայի, մշակութային մարդաբանության և ազգագրության, երիտասարդների հետ աշխատանքի, սպորտի, մշակույթի, ուսուցիչների վերապատրաստման, քաղաքացիական հասարակության, կրթական քաղաքականության և ծնողավարման ոլորտների մասնագետների։
Տղաների դաստիարակությունը՝ ավելի լայն սոցիալական գործընթաց
Քննարկման կարևոր դիտարկումներից մեկն այն էր, որ տղաների դաստիարակությունը միայն որոշակի վարքագծեր կամ որակներ ձևավորելու հարց չէ։ Այն ավելի լայն սոցիալականացման գործընթաց է, որի ընթացքում տղան աստիճանաբար ձևավորում է իր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում լինել տղամարդ։
Այդ պատկերացումը ձևավորվում է ոչ միայն ծնողների ուղղակի դաստիարակությամբ։ Տղան սովորում է նաև իր շուրջը տեսած հարաբերություններից՝ ընտանիքում պարտականությունների բաշխումից, ծնողների ակնկալիքներից, դպրոցից և հասակակիցներից, չափահաս տղամարդկանց օրինակներից, սոցիալական ցանցերից և հանրային մշակույթից։
Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարելի է պահպանել տղամարդկության հետ ավանդաբար կապվող արժեքավոր որակները՝ տոկունությունը, կամքի ուժը, պատասխանատվությունը և ընտանիքի նկատմամբ պարտավորությունը, և միաժամանակ ընդլայնել տղաների զարգացման հնարավորությունները։
Ուժ, ինքնուրույնություն և հուզական հասունություն
Ի՞նչ է նշանակում ուժեղ տղամարդ լինել։
Քննարկման ընթացքում ուժը դիտարկվել է ավելի լայն իմաստով՝ ոչ միայն որպես դժվարություններին դիմակայելու կարողություն, այլև որպես ինքնակառավարում, պատասխանատվություն ստանձնելու, որոշումներ կայացնելու, սոցիալական ճնշմանը դիմակայելու, սեփական հույզերը ճանաչելու և ուրիշների նկատմամբ հոգատարություն դրսևորելու կարողություն։
Անդրադարձ է կատարվել նաև ինքնուրույնությանը։ Եթե տղայից ակնկալվում է մեծանալ որպես պատասխանատու և ինքնուրույն տղամարդ, ապա կարևոր է դեռ մանկությունից ստեղծել իրական հնարավորություններ, որպեսզի նա սովորի որոշումներ կայացնել, պատասխանատվություն կրել, հոգ տանել իր միջավայրի և ուրիշների մասին։
Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Անահիտ Հայկազունին քննարկման մասին նշում է, «Տղաների մեջ ի քնուրույնություն և պատասխանատվություն զարգացնելու համար կարևոր է նրանց տալ տարիքին համապատասխան որոշումներ կայացնելու հնարավորություն և աջակցել սեփական փորձից սովորելուն: Միաժամանակ արժե ինքներս մեզ հարցնել՝ արդյոք մեր ամենօրյա հարաբերություններում դրսևորում ենք այն հարգանքն ու պատասխանատվությունը, որոնք ակնկալում ենք նրանցից ապագայում:»
Հայրերի դերը և տղամարդու օրինակը
Քննարկման կարևոր թեմաներից էր նաև հոր դերը տղայի դաստիարակության մեջ։
Ընդգծվել է, որ կարևոր է ոչ միայն հոր ներկայությունը, այլև նրա հետ հաղորդակցումը, միասին անցկացրած ժամանակը և անձնական օրինակը։ Տղան ամենօրյա հարաբերությունների միջոցով տեսնում է, թե ինչպես են տղամարդիկ ստանձնում պատասխանատվություն, դժվարություններ հաղթահարում, վերաբերվում կանանց և երեխաներին, լուծում տարաձայնություններ և հոգ տանում ընտանիքի անդամների մասին։
Տղամարդկության զարգացող ընկալումը
Տարբեր մասնագիտական դիտանկյունների համադրումը քննարկումը բերեց ավելի խորքային հարցի՝ ինչպե՞ս կարող է զարգանալ տղամարդկության մասին մեր պատկերացումը ժամանակակից հայկական հասարակությունում։
Փոփոխությունը պարտադիր չի նշանակում ավանդական մոտեցումների մերժում։ Այն հնարավորություն է տալիս հասկանալ, թե հայկական մշակութային ժառանգության մեջ տղամարդկության հետ կապված որ արժեքներն ու որակներն արժե պահպանել և զարգացնել, և ինչ լրացուցիչ կարողություններ են անհրաժեշտ նոր սերնդին փոփոխվող ընտանիքում ու հասարակությունում։
Այս հարցի նշանակությունը դուրս է գալիս միայն տղաների դաստիարակության շրջանակից։ Այսօրվա տղաների մոտ ձևավորվող պատկերացումները վաղը դրսևորվելու են նրանց հարաբերություններում՝ որպես ամուսիններ, հայրեր, գործընկերներ, մասնագետներ և հասարակության անդամներ։ Հետևաբար տղաների դաստիարակության և սոցիալականացման շուրջ քննարկումը նաև ապագա ընտանիքների և հասարակական հարաբերությունների մասին քննարկում է։
Կլոր-սեղան քննարկումը շարունակական դիսկուրսի մաս է։ Նման դիսկուրսները հնարավորություն են տալիս հասարակության տարբեր հատվածներում կուտակված գիտելիքը, մասնագիտական փորձը և մտահոգությունները բերել ընդհանուր մտավոր տարածք՝ ոչ միայն արձագանքելու տեսանելի խնդիրներին, այլև ուսումնասիրելու դրանց հիմքում ընկած պատկերացումները և սոցիալական նորմերը։
Տղաների դաստիարակության և տղամարդկության զարգացող ընկալումների շուրջ քննարկումները նախատեսվում է շարունակել՝ ներգրավելով տարբեր ոլորտների մասնագետների և հասարակական դերակատարների։
Կլոր-սեղան քննարկումը կազմակերպվել է «Ծնողական համայնք» ՀԿ-ի, «Պոզիտիվ հոգեթերապիայի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի բահայի համայնքի Սոցիալական դիսկուրսի գրասենյակի և կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Անահիտ Հայկազունու համագործակցությամբ։
