Ինչպե՞ս կարող է բնության մեջ անցկացրած 20 րոպեն բարելավել առողջությունը

Եթե երբևէ զգացել ես, որ զբոսայգում կամ անտառում զբոսնելուց հետո ավելի հանգիստ ես դարձել, իմացիր՝ դա երևակայություն չէ, դա կենսաբանություն է։
Բնության գրկում գտնվելը կարող է քո օրգանիզմում չափելի փոփոխություններ առաջացնել՝ սկսած սթրեսի հորմոնների նվազեցումից ու զարկերակային ճնշման կարգավորումից մինչև աղիների առողջության բարելավում։
Պարտադիր չէ ժամերով արշավել՝ այս առավելությունները զգալու համար. առավելագույն ազդեցությունը նկատվում է ընդամենը 20 րոպե անց։ Այնպես որ, նույնիսկ շաբաթվա մեջ մի քանի անգամ ընդմիջմանը զբոսայգի այցելելը կարող է օգտակար լինել քո մարմնի և մտքի համար։
Ահա չորս եղանակ, թե ինչպես բնությունը կարող է բարելավել քո առողջությունը․
1. Դու ենթագիտակցորեն հանգստանում ես
Երբ տեսնում ես կանաչ ծառեր, զգում սոճու բույրը և լսում տերևների խշշոցը կամ թռչունների դայլայլը, քո վեգետատիվ նյարդային համակարգը՝ նյարդերի այն ցանցը, որը վերահսկում է անգիտակից գործընթացները, ակնթարթորեն արձագանքում է։
Օքսֆորդի համալսարանի կենսաբազմազանության պրոֆեսոր բարոնուհի Քեթի Ուիլիսը նշում է. «Մարմնում տեղի են ունենում փոփոխություններ, ինչպիսիք են զարկերակային ճնշման իջեցումը և սրտի ռիթմի փոփոխությունը։ Սիրտն ավելի դանդաղ է բաբախում, ինչը կապված է ֆիզիոլոգիական հանգստացման հետ»։
Մեծ Բրիտանիայում անցկացված հետազոտությունը, որին մասնակցել է շուրջ 20,000 մարդ, ցույց է տվել, որ նրանք, ովքեր շաբաթական ընդհանուր առմամբ առնվազն 120 րոպե են անցկացրել կանաչ տարածքներում, զգալիորեն ավելի հաճախ են հայտնել իրենց լավ ինքնազգացողության և բարձր հոգեբանական վիճակի մասին։
2. Քո հորմոնները «վերաբեռնվում» են
Քո օրգանիզմի հորմոնալ համակարգը նույնպես մասնակցում է հանգստի գործընթացին։ Ուիլիսը պնդում է, որ դրսում ժամանակ անցկացնելը նվազեցնում է կորտիզոլի և ադրենալինի մակարդակը՝ այն հորմոնների, որոնք ակտիվանում են, երբ դու սթրեսի կամ անհանգստության մեջ ես։
Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ անտառի հոտը կարող է ամրապնդել օրգանիզմի «վիրուսների դեմ պայքարի ապարատը»։ Իլինոյսի համալսարանի պրոֆեսոր Մինգ Կուոն նշում է, որ բնությունը «հանգստացնում է այն, ինչ պետք է հանգստացնել, և ամրապնդում այն, ինչ պետք է ամրապնդել»։
3. Հոտառությունը հզոր զգայարան է
Բնության բույրը շնչելը նույնքան ազդեցիկ է, որքան այն տեսնելը կամ լսելը։ Ծառերի և հողի բույրը լի է բույսերի կողմից արտազատվող օրգանական միացություններով, որոնք շնչելիս անցնում են արյան մեջ։ Ուիլիսի խոսքով՝ սոճու անտառի բույրը կարող է քեզ հանգստացնել ընդամենը 90 վայրկյանում։
4. Լավ բակտերիաներ՝ աղիների համար
Բացի մտքի հանգստացումից, բնությունը կարող է օգնել բարելավել քո միկրոբիոմը, քանի որ հողն ու բույսերը լի են օգտակար բակտերիաներով։ Դրանք նույն տեսակի բակտերիաներն են, որոնք մենք ստանում ենք պրոբիոտիկներից։ Բույսերի կողմից արտազատվող հակամանրէային նյութերը (ֆիտոնցիդներ) նույնպես կարող են օգնել պայքարել հիվանդությունների դեմ։
