Ֆեմինիզմի նպատակը պարզապես տղամարդկանց տեղը կանանցով լրացնելը չէ. Զառա Ղազարյան
Լրագրող և բլոգեր Զառա Ղազարյանի համար ֆեմինիզմն ու սոցիալական արդարության փնտրտուքը անդադար կռվից վերածվել են գիտակցված, հավասարակշռված ու ներսից փոփոխություններ բերող ստրատեգիայի։ Ինչպե՞ս խոսել փաստերով, երբ շուրջդ էմոցիաներ են, որտե՞ղ է սահմանը լուսավորության ու քարոզչության միջև, և ինչո՞ւ է համակարգը երբեմն պարգևատրում հնազանդությունը. անկեղծ զրույց ճանապարհի, հասունացման և հանունի պայքարի մասին։

Ճանապարհը, ինքնությունը և հանրային խոսույթը
Արթուր Հակոբյան: Զառա՛, եթե նայում ենք քո հանրային գործունեության սկզբնական շրջանին և այսօրվան, տեսնում ենք գաղափարական մեծ հասունացում։ Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում փոխվել քո անձնական պատկերացումը ֆեմինիզմի մասին. արդյո՞ք այն քեզ համար սկզբում ուղղակի անդադար դիմադրության գործիք էր, թե՞ միանգամից ընկալվեց որպես կառուցողական աշխարհայացք:
Զառա Ղազարյան: Մենք ապրում ենք մի համակարգում, որտեղ, խոսելով սոցիալական անարդարությունների մասին, դու շատ աննկատ կարող ես դառնալ ֆեմինիստ։ Ուղղակի որովհետև սոցիումում կանայք շատ ավելի թիրախավորված են և շատ ավելի հաճախ են հանդիպում խտրականության, անցնում բռնության միջով, մեղադրվում, պիտակավորվում։ Սա փոքրիկ անդրադարձ, թե ինչպես ես՝ խոսելով սոցիումում ինձ անհանգստացնող հարցերից, դարձա ֆեմինիստ։ 🙂 Շատ կարդալով, ուսումնասիրելով թեման, հասունանալով թեմայի համատեքստում՝ ես հասկացա մի շատ կարևոր բան՝ ֆեմինիզմը կանանց շարժումն է և ֆեմինիզմը կանանց մասին է (չնայած պայքարում է գենդերային կարծրատիպերի դեմ, որոնց բախվում են նաև տղամարդիկ, և առհասարակ, ֆեմինիզմի առաջ քաշած խնդիրները շատ ձեռնտու են նաև տղամարդկանց)։ Նախկինում պայքարում էի ու կռիվ տալիս բոլորի հետ, իսկ ժամանակի ընթացքում պայքարս գիտակցված է, ստրատեգիկ է, խելամիտ է. ու ես պայքարում եմ ոչ թե ԸՆԴԴԵՄ, այլ ՀԱՆՈՒՆ։ Սա է ամենակարևոր գիտակցումը հանրային գործունեություն սկսելու մեկնարկից մինչև հիմա։ Իսկ առհասարակ, ինձ համար թիրախային է խոսել չխոսվածի մասին, բարձրաձայնել սոցիական անարդարության թեման, որովհետև չմոռանանք, որ վատագույնը տեղի է ունենում փակ, ծածուկ ու ստվերոտ շրջանակներում, իսկ որքան խոսենք ու բացենք փակ թեմաները, այնքան կմոտենանք շատ ավելի առողջ արժեհամակարգով մեծամասնություն ունենալու հեռանկարին։
Ա.Հ.: Լրագրողական և հանրային դաշտում դու հայտնի ես որպես մարդ, ով շատ ուշադիր է իր խոսքի հանդեպ և միշտ փորձում է հարցերը քննարկել մասնագիտական մակարդակում։ Որտե՞ղ է սահմանը հանրային լուսավորության և «քարոզչության» միջև, և ինչպե՞ս է քեզ հաջողվում խուսափել ագրեսիվ դիսկուրսից՝ չկորցնելով հարցի սրությունն ու կարևորությունը։
Զ.Ղ.: Ես միշտ ընդգծում եմ, որ ինքս դեմ եմ քարոզչությանը ու ես չեմ քարոզում։ Տեքստերս գրելու կամ անգամ արդեն վերջնական տեսանյութը մոնտաժելու ընթացքում ինքս ինձ մի քանի անգամ խմբագրում եմ, որ հանկարծ չունենամ քարոզողի կամ սովորեցնողի դիրքավորում։ Ես մեկն եմ իմ լսարանի աղջիկներից, ով ուղղակի բախվում է խնդիրների, անհարմարությունների և խոսում է դրանց մասին, որովհետև հավատում է խոսքի ուժին, լսարանի աջակցությանը և այն բանին, որ մենք՝ աղջիկներս, միավորվելով կարող ենք անել անհնար թվացող բաներ, եթե անգամ տարիներ շարունակ մեզ սովորեցրել են, որ դու թույլ ես։ Հետահայաց անելով՝ տեքստերի կառուցվածքս, ըստ իս, շատ ավելի լավն է՝ պրոֆեսիոնալ, փաստարկված, լակոնիկ, չափավոր էմոցիոնալ։ Կան նախկինում արված նյութեր, որոնք հիմա բոլորովին այլ կերպ կանեի, այլ դիտանկյունից։ Այսինքն՝ դա ժամանակի հետ է եկել՝ սովորել նյութերը ներկայացնել հենց այն դիտանկյունից, որը ավելի փաստերի մասին է, քան էմոցիաների։ Ես ուզում եմ խոսել լսարանիս հետ ոչ թե սովորեցնող դիրքից, այլ սովորողի, որ մենք էս ճանապարհը միասին ենք անցնում, և որ իրենք իրենց խնդիրների հետ մենակ չեն. շատերս ունենք խնդիրներ՝ նույն համակարգի հետ։

Ա.Հ.: Ֆեմինիստական շարժման ներսում հաճախ են լինում գաղափարական խորը բևեռացումներ (արմատական, լիբերալ, մարքսիստական)։ Օրինակ՝ վերջին շրջանում գլոբալ հարթակներում մեծ քննարկումներ կան սեքս-աշխատանքի օրինականացման հարցում. մի թևն ասում է, որ դա կնոջ ազատ ընտրությունն է, մյուսը՝ որ դա սարսափելի շահագործում է։ Հայաստանյան միջավայրում ինչպե՞ս են արտահայտվում այս ներքին տարաձայնությունները, և ինչպե՞ս է հնարավոր պահպանել համախմբվածությունը։
Զ.Ղ.: Համախմբվածությունը կա և կլինի այնքան ժամանակ, որքան մեր նպատակները համընկնում են։ Ըստ էության՝ մեր նպատակը նույնն է, և գուցե պայքարի ձևերն են տարբեր։ Ես ինձ լիբերալ ֆեմինիստ եմ համարում, ով հավատում է փոքր քայլերի ուժին։ Ես չեմ հավակնում փոխել միանգամից համակարգը, ես փորձում եմ նախ և առաջ համակարգի ներսում հասնել փոփոխության։ Ես չեմ ուզում որևէ աղջիկ մտածի, որ սեքս-աշխատանքը լավ կյանքի միակ և հեշտ ճանապարհն է։ Դա սարսափելի ոլորտ է՝ լի արյունով և կանանց կյանքի արժեզրկմամբ։ Ես չեմ քննադատում կանանց, ովքեր ընտրել են այդ ուղին, ես քննադատում եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են վերարտադրել այդ համակարգն ու ներկայացնել կնոջ համար «հարմար» գործ։ Պարադոքս է, երբ այդ համակարգը քննադատում են տղամարդիկ, որոնք հանդիսանում են այդ համակարգի անուղղակի հովանավորներ, սպառողներ։ Այսինքն՝ սա միայն սեքս-աշխատանքով զբաղվող կնոջ խնդիրը չէ։
Ա.Հ.: Շատ հաճախ հանրային դիսկուրսում ավանդական ընտանիքի մոդելը կտրուկ հակադրվում է ֆեմինիստական գաղափարներին։ Քո անձնական տեսանկյունից՝ հնարավո՞ր է արդյոք գտնել եզրեր ավանդական արժեքների և կանանց իրավունքների օրակարգի միջև, թե՞ սա անխուսափելի կոնֆլիկտ է, որտեղ կողմերից մեկը պետք է ամբողջությամբ զիջի իր դիրքերը։
Զ.Ղ.: Նախ պետք է հասկանանք, թե ինչ ասել է «ավանդական արժեքներ», և հետո նոր փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ և ո՞ր «ավանդական արժեքն» է նսեմացնում որևէ մեկի իրավունքը կամ դերը սոցիումում։ Ես չեմ մտաբերում բուն հայկական (ոչ մուսուլմանական հասարակությունից փոխառնված) ավանդույթ, որը որևէ կերպ նսեմացնում է հայ կնոջ դերը սոցիումում։ Ըստ իս՝ սրանք զուտ ասվում են կանանց պայքարը արժեզրկելու նպատակով։ Նույնը քրիստոնեության հարցն է՝ մարդը քար նետելով, դատելով ու ամբողջ կյանքում շնանալով՝ հայտարարում է, որ էս կամ էն բանը դեմ է քրիստոնեությանը։ Եվ ասում է կոնտեքստից կտրած նախադասություններ, որոնք չգիտի էլ, թե որտեղից են, ու առհասարակ չի կարդացել Աստվածաշունչը։ Ես ինձ համարում եմ գիտակից քրիստոնյա, որովհետև Սբ. Գիրքը անձամբ կարդալուց հետո եմ որոշել՝ ինձ անվանո՞ւմ եմ քրիստոնյա, թե՞ ոչ։ Եթե մարդիկ իրենց նեղություն տան կարդալ, ուսումնասիրել թե՛ հայոց պատմությունը, թե՛ քրիստոնեության գաղափարախոսությունը, կհասկանան, որ դրանցից որևէ մեկի թիրախում կանանց արժեզրկումը չէ։ Իսկ թե մարդիկ հավատը կամ ազգային արժեքները ինչ մանիպուլյացիաների համար են օգտագործում, դա արդեն հարցի մյուս կողմն է և որևէ կապ չունի ո՛չ քրիստոնեության բուն էության հետ, ո՛չ էլ հայկական ավանդական արժեքների։
Ա.Հ.: Որպես մասնագետ, ով երկար ժամանակ աշխատում է հանրային տեքստերի հետ, ինչպե՞ս ես գնահատում հայերենի դերը գենդերային զգայունության հարցում։ Արդյո՞ք լեզվամտածողության փոփոխությունը կարող է նախորդել սոցիալական փոփոխություններին, թե՞ լեզուն պարզապես արձանագրում է այն, ինչ արդեն տեղի է ունեցել հասարակության մեջ։
Զ.Ղ.: Սա շատ հետաքրքիր թեմա է, որովհետև արևելյան հայերենում գրեթե չկա քերականական սեռային տարանջատում, ինչը հազվադեպ է։ Իսկ «աղջիկը ուրիշինն ա», «տղամարդը դրսի պատ ա», «աղջի՞կ ա, թե՞ ժառանգ» ու այս կարգի արտահայտությունները իհարկե խտրական են, ու փոփոխությունը պետք է սկսվի հենց լեզվամտածողությունից։
Իրական կյանքի անջրպետները և դասակարգային խնդիրները
Ա.Հ.: Կանանց իրավունքների մասին խոսելիս հաճախ նկատվում է սոցիալական մեծ անդունդ։ Օրինակ՝ Երևանի կենտրոնում ակտիվիստների բարձրացրած հարցերն ու օրակարգը երբեմն լրիվ կտրված են լինում մարզերում սոցիալապես անապահով կամ ծանր գյուղատնտեսական աշխատանքով զբաղվող կանանց իրական, կենցաղային հոգսերից։ Ինչպե՞ս է հայաստանյան շարժումը հաղթահարում սեփական էլիտարիզմը և դառնում հասանելի բոլորի համար։
Զ.Ղ.: Այդքան համաձայն չեմ, որովհետև մենք շատ փոքրիկ երկիր ենք, ու խնդիրները հիմնականում նույնն են։ Կարծրատիպ է, որ մարդկանց թվում է, թե մայրաքաղաքում ապրող կինը կամ սոցիալապես ապահովված կինը անհնար է բռնության մեջ ապրի։ Սա բռնության մասին ամենատարածված միֆերից է։ Անկախ բնակության վայրից ու սոցիալական պայմաններից՝ մենք խոցելի ենք։ Քանի որ ինքս չեմ նկատել, որ օրինակ՝ Երևանում ֆեմինիստները այլ հարցերի համար են պայքարում, իսկ մարզերում բաց են մնում այլ թիրախային խնդիրներ, այս հարցին երևի այսպես պատասխանեմ։
Ա.Հ.: Բայց հայաստանյան համատեքստում ինչպե՞ս են հատվում կնոջ իրավունքները սոցիալական մյուս շերտերի՝ դասակարգային խնդիրների, կրթական հասանելիության և տարածաշրջանային տարբերությունների հետ։ Ո՞րն է այն «կույր կետը», որը մենք հաճախ բաց ենք թողնում տեղական քննարկումներում։
Զ.Ղ.: Դե շատերի համար զարմանալի է, որ Հայաստանում կան աղջիկներ, որոնք չունեն կրթության հասանելիություն, ուղղակի որովհետև կան ընտանիքներ, որոնք մտածում են, որ աղջիկը «ամուսնանալու է գնա, և չարժի նրա ապագայում ներդրում անել»։ Այս հարցը իսկապես թիրախային է, բայց քանի որ շատերին թվում է, թե սա խնդիր չէ, չկա նման բան, հարցն անտեսվում է։ Կան կարծրատիպեր, որոնք մեր միջավայրը շատ ավելի անապահով ու զգայուն են դարձնում կանանց համար կյանքի գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած մասնագիտության ընտրությունից մինչև ամուսնություն և ամուսնալուծություն։
Ա.Հ.: Ստացվում է մի իրավիճակ, երբ պատրիարխալ մտածողության ամենաակտիվ պահապաններն ու վերարտադրողները երբեմն հենց կանայք են։ Օրինակ՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանեկան ճնշումների կամ սահմանափակումների դեպքում հաճախ հենց ավագ սերնդի կանայք են արդարացնում տղամարդու վարքագիծը։ Ինչպե՞ս աշխատել մի միջավայրում, որտեղ հենց կինն է դառնում համակարգի պաշտպանը։
Զ.Ղ.: Շատ կանայք պաշտպանում են պատրիարխալ համակարգը, որովհետև դրա կանոններին համապատասխանելը հաճախ ավելի անվտանգ, հեշտ կամ շահավետ է թվում, քան դրանց դեմ գնալը։ Համակարգը թվում է, թե «պարգևատրում» է հնազանդությունն ու հարմարավետ դերերը, դրա համար էլ որոշ կանայք դառնում են դրա ամենաակտիվ պահապանները՝ նույնիսկ եթե այդ նույն համակարգը սահմանափակում է իրենց։ Այստեղ հոգեբանական պահ կա. օրինակ՝ բռնության ենթարկված կնոջը ինչ-որ կանայք հանրայնորեն մեղադրելով՝ իրենց ավելի ապահով են զգում՝ հաղորդագրություն տալով, որ՝ «տեսեք, ես իր նման չեմ, ինձ բռնության չեն ենթարկի, ես իր նման չեմ, հետևաբար ես ավելի պաշտպանված եմ»։ Այդպիսի միջավայրում աշխատելը պահանջում է ոչ թե կանանց թշնամի տեսնել, այլ հասկանալ, որ համակարգային փոփոխությունը նաև մշակութային ու սերնդային աշխատանք է։ Երբեմն ամենաբարդ խոսակցությունները հենց կանանց հետ են լինում, որովհետև նրանք հաճախ տարիներով ստիպված են եղել այդ կանոններով ապրել ու դրանց մեջ անվտանգություն գտնել։
Ա.Հ.: Հանրության մի ստվար զանգվածի համար ֆեմինիզմը Հայաստանում ասոցացվում է բացառապես դրսից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հետ։ Օրինակ՝ երբ տեղական ՀԿ-ները դրամաշնորհային ծրագրերով ներդնում են արևմտյան մոդելներ, դա հաճախ դիմադրության է արժանանում։ Ինչպե՞ս զարգացնել տեղական օրակարգը՝ առանց դրսի թեզերը կուրորեն պատճենելու պատրանք ստեղծելու։
Զ.Ղ.: Խոսեմ իմ անունից. ինքս բացառապես խոսում եմ թեմաներից, որոնք արդիական են մեր հասարակության մեջ, որոնց բախվում են իմ շրջապատի կանայք, մեր հասարակության մեջ ապրող կանայք, որոնց բախվում եմ ես, որոնք, ըստ իս, թիրախային խնդիրներ են։ Ինքս հենց իմ լսարանի ու իմ հարթակի ուժն օգտագործելով եմ փորձում օրակարգային դարձնել խնդիրները, որոնք հուզում են ինձ ու իմ լսարանին։
Ա.Հ.: Ինչպե՞ս ես վերաբերվում «ֆեմինիզմի կոմերցիալիզացիային» (pop-feminism), երբ գաղափարախոսությունը վերածվում է թրենդային լոզունգների կամ բրենդային շապիկների։ Օրինակ՝ երբ խոշոր ընկերությունները մեծ գումարներ են աշխատում ֆեմինիստական գրություններով հագուստ վաճառելով, բայց այդ նույն հագուստը աղքատ երկրներում կարում են ցածր վարձատրվող կանայք։ Ինչպե՞ս պահել գաղափարի քաղաքական սրությունը։
Զ.Ղ.: Ես դրանում վատ բան չեմ տեսնում, եթե օրինակ՝ դա չի վնասում բուն գաղափարի ակտուալիզացիային։ Թող այսպիսի թեմաները դառնան թրենդ, ու որքան խոսվեն, արծարծվեն, այնքան, կարծում եմ, ավելի լավ։
Իշխանություն, Օրենք և Ինստիտուտներ
Ա.Հ.: Հայաստանում կանանց քաղաքական ներկայացվածությունը հաճախ ապահովվում է պարտադիր քվոտաների շնորհիվ (օրինակ՝ ընտրացուցակներում)։ Սակայն արդյո՞ք քաղաքականության մեջ հայտնված կանայք իրականում ունեն որոշումների կայացման վրա ազդելու լծակներ, թե՞ նրանք պարզապես լրացնում են օրենքով պահանջվող տոկոսները։
Զ.Ղ.: Ես, հարցերից մեկին պատասխանելով, նշեցի, որ լիբերալ ֆեմինիստ եմ և կարծում եմ՝ համակարգը պետք է փոխել փոքր քայլերով՝ ներսից ու բովանդակային կողմից։ Ես դեմ եմ «պոզիտիվ խտրականությանը», որովհետև դա ևս խտրականություն է։ Կանայք այս կամ այն ոլորտում պետք է լինեն ոչ թե որովհետև օրենքն է պարտադրում, այլ որովհետև կանայք արժանի են, ունակ են, բանիմաց են տվյալ ոլորտի համար։ Կինը բուտաֆորիա չէ, որ ինչ-որ տեղ լինի ուղղակի լինելու համար։ Երբեմն նման ձևակերպումները կարող են արժեզրկել կնոջը՝ որպես մասնագետ, ու շատերին թվա, թե կինը էս կամ էն վայրում է ուղղակի որովհետև օրենքն է պարտադրել։ Բայց մյուս կողմից էլ՝ նման որոշումները լավ օրից չէ, որ կյանքի են կոչվում՝ հաշվի առնելով կանանց հանդեպ սոցիալական անարդարությունը և այն, թե կանայք ինչպես կարող են այս կամ այն գործընթացից ուղղակի դուրս մղվել։ Դրա համար են ստեղծվում այդպիսի օրենքներ, որոնք սխալ են ներկայացվում և սխալ են մեկնաբանվում։
Ա.Հ.: Երբ կինը հասնում է բարձր պաշտոնի կամ իշխանության, նա հաճախ ստիպված է լինում խաղալ պատրիարխալ կանոններով։ Օրինակ՝ պատմության մեջ Մարգարետ Թետչերը կամ այլ կին ղեկավարներ երբեմն ավելի կոշտ որոշումներ են կայացրել, քան տղամարդիկ։ Շարժման նպատակը պարզապես եղած աթոռներին կանանց նստեցնելն է՞, թե՞ հենց իշխանության բնույթն ու կառուցվածքը փոխելը։
Զ.Ղ.: Ֆեմինիզմի նպատակը պարզապես տղամարդկանց տեղը կանանցով լրացնելը չէ։ Եթե համակարգը շարունակում է կառուցված լինել ուժի, ճնշման ու հիերարխիայի նույն կանոններով, ապա նույնիսկ կին ղեկավարները հաճախ ստիպված են գործել այդ տրամաբանության մեջ՝ լեգիտիմ համարվելու համար։ Այդ պատճառով ֆեմինիստական պայքարը ոչ միայն ներկայացվածության, այլ նաև իշխանության մշակույթի ու կառուցվածքի փոփոխության մասին է։
Ա.Հ.: Որո՞նք են այն հիմնական համակարգային և ինստիտուցիոնալ արգելքները, որոնք այսօր Հայաստանում դանդաղեցնում են կանանց լիարժեք ներգրավվածությունը որոշումների կայացման բարձրագույն մակարդակներում։
Զ.Ղ.: Հայաստանում խնդիրը միայն իրավական հավասարության բացակայությունը չէ, այլ խորքային մշակութային ու ինստիտուցիոնալ համակարգերը։ Կանայք դեռ անհամաչափորեն կրում են չվճարվող խնամքի ու տնային աշխատանքի բեռը, ինչի պատճառով քաղաքականության, բիզնեսի կամ ղեկավար պաշտոնների համար ունեն ավելի քիչ ռեսուրս ու ժամանակ։ Միաժամանակ, որոշումների կայացման միջավայրերը հաճախ կառուցված են տղամարդկային կապերի, ոչ ֆորմալ ցանցերի ու «ուժեղ առաջնորդի» պատրիարխալ պատկերացման շուրջ, որտեղ կանանցից կամ ավելի շատ են պահանջում, կամ նրանց ընկալում են որպես «ոչ բավարար կոշտ»։ Դրան ավելանում են սեքսիզմը, մեդիայի կողմից արտաքինի վրա կենտրոնացումը և հասարակական ճնշումը, որոնք կանանց մասնակցությունը դարձնում են ոչ միայն դժվար, այլ նաև հոգեբանորեն ավելի թանկ։
Ա.Հ.: Օրենսդրական բարեփոխումները (օրինակ՝ ընդդեմ ընտանեկան բռնության օրենքը կամ դրա շուրջ վերջին լրամշակումները) որքանո՞վ են արդյունավետ մի հասարակության մեջ, որտեղ կենցաղային իրավագիտակցությունը դեռ զգալիորեն հետ է մնում, և «ամոթի» կոդերը դեռ աշխատում են։
Զ.Ղ.: Օրենքն ընդունվել է 2017 թվականին, և դրանից հետո ոստիկանություն դիմելությունը, ահազանգերն ավելացել են, վիճակագրությունն է փոխվել. այսինքն՝ ամեն դեպքում, դա կանանց տվել է պաշտպանվածության ինչ-որ զգացում։ Բայց մյուս կողմից՝ խնդիր ունենք հասարակության լայն շրջանակների կարծրատիպերը կոտրելու, որովհետև հանրային և ոչ հանրային տիրույթում մենք կարող ենք տեսնել ու լսել բաներ, որոնք կնոջ համար ստեղծում են անապահով միջավայր, որտեղ կինն իրեն վտանգված ու խոցելի է զգում։ Մեզանից յուրաքանչյուրը իր մտքերը արտահայտելիս պետք է մի քիչ ավելի գենդերազգայուն լինի, որովհետև յուրաքանչյուր խտրական միտք կարող է բռնարարին տալ ինքնավստահություն, և հակառակը լինի զոհի պարագայում։
Ա.Հ.: Ինչպե՞ս հաղթահարել ինստիտուցիոնալ դիմադրությունը դատաիրավական համակարգում։ Օրինակ՝ հաճախ ենք լսում դեպքեր, երբ բռնության ենթարկված կինը դիմում է իրավապահներին, սակայն հանդիպում է անտարբերության կամ ետ համոզելու փորձերի՝ ենթարկվելով երկրորդային տրավմայի։ Ինչպե՞ս կոտրել այս պատնեշը։
Զ.Ղ.: Այս խնդիրը միայն առանձին իրավապահների վերաբերմունքը չէ, այլ համակարգային մշակույթ, որտեղ բռնությունը հաճախ դեռ ընկալվում է որպես «ընտանեկան հարց», ոչ թե մարդու իրավունքների խախտում։ Պատնեշը կոտրելու համար պետք են ոչ միայն ավելի լավ օրենքներ, այլ նաև պարտադիր կրթություն ու վերապատրաստում դատավորների, քննիչների և ոստիկանների համար, հստակ պատասխանատվություն անտարբերության դեպքերում, ինչպես նաև անվտանգ մեխանիզմներ, որտեղ կինը կարող է դիմել առանց ամոթի կամ մեղադրման զգացման։ Շատ կարևոր է նաև, որ հասարակությունն այլևս չարդարացնի բռնությունը և ճնշում գործադրի ինստիտուտների վրա, որովհետև համակարգերը փոխվում են ոչ միայն ներսից, այլ նաև հանրային պահանջի ազդեցությամբ։
Մշակույթ, Կրթություն և Անձնական փորձ
Ա.Հ.: Մեր կրթական համակարգը՝ մանկապարտեզից մինչև բուհ, հաճախ ավտոմատ վերարտադրում է գենդերային դերերը։ Օրինակ՝ դպրոցներում դեռևս կա «Տեխնոլոգիա» առարկայի բաժանումը տղաների և աղջիկների միջև։ Ո՞րն է ամենակարծր պատնեշը հայաստանյան դպրոցներում, որը թույլ չի տալիս ձևավորել կարծրատիպերից ազատ անհատ։
Զ.Ղ.: Կարծրում եմ՝ դպրոցում աշխատող մասնագետները պետք է հատուկ վերապատրաստում անցնեն գենդերային զգայունության, խտրականության թեմաներով, որովհետև մանկավարժները երեխաների, դեռահասների հետ աշխատում են, երբ նրանց մոտ անձի ձևավորման ամենազգայուն էտապն է։ Իհարկե, նման կարճ վերապատրաստման ծրագիր կա, բայց դա շատ ավելի մասնագիտացված պետք է լինի, քան հիմա է։
Ա.Հ.: Հայ գրականության և արվեստի մեջ կնոջ կերպարը հաճախ ռոմանտիզացվում կամ սրբացվում է (կա՛մ անձնազոհ մայր է, կա՛մ զոհ)։ Ինչպե՞ս ստեղծել նոր մշակութային նարատիվ, որտեղ կինը ոչ թե սիմվոլ կլինի, այլ կենդանի, սխալվելու իրավունք ունեցող սուբյեկտ։
Զ.Ղ.: Նոր նարատիվը սկսվում է այն պահից, երբ կինը դադարում է ներկայացվել միայն ուրիշների համար գոյություն ունեցող կերպարով՝ «մայր», «մուսա», «զոհ» կամ «ազգային արժեք»։ Ֆեմինիստական մոտեցումը փորձում է կնոջը վերադարձնել իր բարդությունն ու մարդկայնությունը՝ ցանկություններով, հակասություններով, ամբիցիաներով, նույնիսկ սխալներով։ Մշակույթը փոխվում է, երբ կանայք դառնում են ոչ միայն կերպարներ, այլ նաև պատմություն ստեղծողներ՝ գրողներ, ռեժիսորներ, սցենարիստներ, քննադատներ։ Այդ ժամանակ առաջանում են հերոսուհիներ, որոնք պարտադիր չէ «իդեալական» լինեն, որպեսզի արժանի լինեն ձայն ունենալու։
Ա.Հ.: Կարո՞ղ է տղամարդը լինել ֆեմինիստ, թե՞ նա լավագույն դեպքում կարող է լինել միայն դաշնակից։ Օրինակ՝ շատ տղամարդիկ հանրային դաշտում պաշտպանում են այս թեզերը, բայց անձնական կյանքում կամ կենցաղում պահպանում են իրենց արտոնությունները։ Որտե՞ղ է տղամարդկանց ներգրավվածության անկեղծության սահմանը։
Զ.Ղ.: Շատ կարևոր է հասկանալ, որ ֆեմինիզմը կանանց պայքարն է, կանանց մասին է, ու շատ անհասկանալի է, երբ տղամարդիկ լուրջ դեմքով հանրայնորեն հայտարարում են, որ ֆեմինիզմի կարիք չկա։ Իհարկե՞ Ձեզ համար չկա, որովհետև ֆեմինիզմը ձեր մասին ու ձեզ համար չէ։ Տղամարդիկ կարող են լինել պրոֆեմինիստներ, աջակցեն շարժմանն ու լինեն կանանց կողքին։
Ա.Հ.: Մարդու իրավունքների պաշտպանությունը ենթադրում է էմոցիոնալ հսկայական աշխատանք։ Օրինակ՝ վերջերս աշխարհում շատ է խոսվում ակտիվիստների «մասնագիտական այրման» (burnout) մասին, երբ մշտական ատելության խոսքի պատճառով մարդիկ լքում են հանրային դաշտը։ Որտե՞ղ է քո անձնական սահմանը հանրային պայքարի և սեփական հոգեկան առողջության պահպանման միջև։
Զ.Ղ.: Իմ լսարանի սերն ու աջակցությունը լավագույն մոտիվացիան է, ու քանի ես ստանում եմ դրական արձագանքներ, շնորհակալական խոսքեր ու ջերմություն, անգամ եթե լինի մի մարդ, որին իմ գործունեությունը օգուտ է տալիս, ես մոտիվացված եմ լինելու։ Ազնիվ չի լինի ինձ սիրող մարդկանց հանդեպ, որ ես ընկրկեմ ատելության խոսքին ու լռեմ։ Ինձ համար միշտ արժեքավորը դրականն է, իսկ նեգատիվ չի լինի միայն եթե ոչինչ չանեմ։ Որովհետև ժամանակի հետ հասկանում ես, որ քեզ չեն քննադատի միայն այն ժամանակ, երբ ոչինչ չանես։
Ա.Հ.: Հանրային ընկալման մեջ ֆեմինիստական ակտիվիզմը հաճախ նույնացվում է ագրեսիվ հռետորաբանության, հանրային բախումների կամ, ինչպես ժողովրդական լեզվով են ասում՝ «լաչառության» հետ։ Բայց մյուս կողմից՝ հենց ակտիվիստները պնդում են, որ առանց խնդիրները սուր բարձրաձայնելու հնարավոր չէ համակարգային փոփոխությունների հասնել։ Քո գործունեության օրինակով՝ ինչպե՞ս ես հավասարակշռում այս սահմանը, որպեսզի շարժումը հանրության աչքին չարժեզրկվի, բայց միևնույն ժամանակ չկորցնի իր իրական ազդեցությունն ու սրությունը։
Զ.Ղ.: Ես պատասխանատու չեմ մարդկանց ընկալումների համար, որովհետև յուրաքանչյուրը ընկալում է ըստ իր մտահորիզոնի, տեղեկացվածության, կրթության։ Հետևաբար՝ ես անում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում, ինչպես բնական է ինձ համար։ Խնդիրները բարձրացնում եմ այն ձևաչափով, այն ոճով, որով ես կամ, ու ինքս ինձ չեմ կորցնում։
